ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
19.04.2011 | 00:00

Վաղը` ապրիլի 20-ին, Երևանում` Գեղագիտության ազգային կենտրոնում, բացվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքի «Աթանյան արվեստի կենտրոնի»` կերպարվեստի և դիզայնի մանկական վարժարանի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Կենտրոնը 1993-ին հիմնել է ճանաչված նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի ու Իտալիայի միջազգային բիենալեների մրցանակակիր պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանը` արվեստակից որդու` Գոռ Աթանյանի հետ։ Գործունեության 18 տարիներին վարժարանում սովորել է մոտ 1,5 հազար երեխա, որոնցից 150 առավել շնորհալիները կենտրոնի դասընթացներն ավարտելուց հետո ընդունվել են Միացյալ Նահանգների արվեստի լավագույն քոլեջներ, իսկ մի մասն էլ ապրում է արվեստի հետ «մտերիմ հարաբերության» ջերմությունը հոգում անթեղած։
Հիմնադրման օրվանից կենտրոնի սաները կազմակերպել կամ մասնակցել են ավելի քան հարյուր ցուցահանդեսի։ Հայրենիքում կենտրոնի վերջին մասնակցությունը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացրել էր 13 աշխատանք` արժանանալով մրցանակների։ Կենտրոնը, որ մեծ ճանաչում ունի Գլենդեյլում, և ոչ միայն հայերի շրջանում, լուրջ աշխատանք է կատարում երեխաների գեղագիտական դաստիարակության գործում, ինչպես նաև մեծապես նպաստում է հայերեն խոսքի ամենօրյա գործածությանը, հայ գրականության ու արվեստի արժեքավորության քարոզմանը, հայ արվեստ-հայ հասարակություն կապի, հայրենիքի հետ առնչությունների ամրապնդմանը։ Մոտ 100 աշխատանք ներկայացնող սույն ցուցահանդեսը, որը Երևանի մանկական գեղագիտական կենտրոնում բաց կլինի մինչև ապրիլի վերջը, գեղեցիկի, տարեկիցների կերտած արվեստի հետ շփման հիանալի առիթ է Երևանի ու մերձակա բնակավայրերի դպրոցականների համար։
«ԱՅՍՏԵՂ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ»
Անցած ձմեռն անցկացրի Լոս Անջելեսում` որդուս ընտանիքի հետ. «Գրին քարտ» հնարողի վիզը ծուռ մնա... Թոռնուհիս` հիմա արդեն իննամյա Լուսին Ենգիբարյանը, որ մինչև 2009-ի աշուն գեղանկարի ու ասեղնագործության դասեր էր առնում Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջում` արվեստագետ-մանկավարժ Լուսինե Մխիթարյանի խմբում, արդեն մեկուկես տարի ուսանում է Գլենդեյլի «Աթանյան արվեստի կենտրոնում», հայաշատ Լոս Անջելեսի մանկական գեղագիտական դաստիարակության կրթօջախում։ Մի քանի առիթ ունեցա թոռնուհուս տանելու կերպարվեստի դասի, և դա էլ հնարավորություն տվեց մոտիկից շփվելու թե՛ կենտրոնի մանկավարժների, թե՛ սաների հետ, ծանոթանալու «անցուդարձին, նիստուկացին»։
Այն, որ, իրոք, լայն ճանաչում ունի «Աթանյան կենտրոնը», անվիճելի է։ Միայն բազմապիսի ցուցահանդեսներին մշտական մասնակցության, դրանցում կենտրոնի, նրա սաների ստացած մրցանակների, պատվոգրերի, դիպլոմների ցանկի սոսկական թվարկումը այս փոքրիկ շարադրանքի համար խիստ ծավալուն բեռ կլիներ։ ՈՒստի հնարավորինս ձեռնպահ կմնամ և կփորձեմ ներկայացնել ստացածս տպավորությունները։
Գլենդեյլի Սան Ֆեռնանդոյի լայնահուն փողոցում գտնվող «Աթանյան արվեստի կենտրոնի» մուտքի դուռը, ասես, պոկում է քեզ մեքենառատ, հոգնեցուցիչ ու միալար առօրեականությունից ու տանում առհասարակ նկարիչների արվեստանոցներին բնորոշ ինքնատիպորեն «թափթփված» մի աշխարհ. հատակին շարված շրջանակավոր կտավներ, պատերին փակցված նկարնե՜ր, նկարնե՜ր, այս ու այնտեղ հարմարեցված կիրառական աշխատանքներ, փորագրություններ, ու երեխանե՜ր, երեխանե՜ր, երեխանե՜ր` հակված թղթի վրա, կտավի վրա, սևեռուն ուշադրությամբ, ոմանք էլ լեզուներն ատամների ու շուրթերի արանքից դուրս ցցած... Ապա հանկարծ` «Տիկին Թամա՜ր...», «Պարոն Գո՜ռ», կամ թե «Տիկին Իրինա՜»` բա սա՞ ինչպես, բա նա՞ ինչպես... Բացատրում են, շշուկով, անձայն, իսկ եթե ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարց է` բարձրաձայն, բոլորի ուշադրությունը հրավիրելով։
Առաջին օրերին չէի էլ նկատում. սրահում հայկական մե՜ղմ երաժշտություն է, բոլորը հաղորդակցվում են միայն հայերեն (բացի օտարազգի սաներից) և թեման ընդհանուր է` հայկական ժողովրդական հեքիաթ։ (Հիմա մի փոքր պարզաբանում. հասկանո՞ւմ եք, երբ հայ երեխան ամեն օր դպրոցում, փողոցում, բակում, խաղահրապարակում, շփվելով այլազգիների հետ, օտար լեզու (այս դեպքում անգլերեն) է օգտագործում, մեքենաբար այն ամենուր դառնում է իր հաղորդակցության պահանջ, և կամաց-կամաց վերանում է մայրենիի պահանջը, եթե հետևողական ուշադրություն չլինի)։ Չքնա՜ղ մթնոլորտ։ Պարզվում է` արվեստի մանկական այս հաստատությունը կարգախոս ունի` «Այստեղ խոսում ենք միայն հայերեն», ու գաղթօջախում, Գլենդեյլի քաղաքապետարանում և առհասարակ հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող Վլադիմիր Աթանյանի այս սկզբունքը Լոս Անջելեսի հայերի ոչ միայն մխիթարությունն է, այլև հպարտությունը։ Իսկ կենտրոնի հիմնադրին հաջողվեց տեսնել միայն մեկ ամիս հետո. բավական բարդ վիրահատությունից դեռ լրիվ չապաքինված, տակավին գունատ ու նկատելիորեն նիհարած, երևի տեղի տալով իր հետ հանդիպում ունենալու ցանկության ապսպրանքներիս, հանդիպման օր նշանակեց։ Եվ ես որպես պապիկ էի հանդիպում նրա հետ, որպես թոռնուհուս պապիկ, ուստի և խոսակցությունն ավելի շատ երեխայի մասին հարցուփորձ, ավելի շատ երախտագիտական էր, անհամեստ չհնչի` գնահատանք, և այնքան էլ երկար չտևեց, իրոք, տկարությունը չէր հաղթահարել դեռ, անգամ չէր համտեսել հատուկ իր համար տարածս և արդեն փոխանցածս ծիրանի անմահական օղին, այլապես կասեր, չէ՞, որ շատ լավն էր օղին։ Բայց ես այն ժամանակ չասացի, հիմա եմ ասում. «Ազնիվ հայ, պատկառելի այր, շնորհակալ եմ, ինձ հետ նաև շատ շատերը, որ ստեղծել ես այդ տաքուկ ու գունեղ անկյունը, և գեղեցկությամբ ես օծում մեր թոռների հոգիները։ Աստված քեզ առողջություն ու անհատնում ներշնչանք պարգևի»։
ՈՒ հիմա, երբ արդեն ամիսներ են անցել այդ հանդիպումներից, ու երբեմն-երբեմն էլի հիշում եմ բոլորին, այս բացվող ցուցահանդեսի առիթով արժե, որ մեկ էլ դառնամ հիշեմ «Աթանյան արվեստի կենտրոնի» ուսուցող արվեստագետներին` տիկնայք Իրինա Սրապիոնյանին, Թամար Խաչատրյանին, Փոլետ Զաքարյանին, պարոնայք Գոռ և Արտակ Աթանյաններին, Արմեն Ղազանչյանին, Հարութ Դեմիրչյանին` արվեստագետ մանկավարժների այս սիրուն աստղաբույլին, նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների մաղթանքով։
Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ
Լոս Անջելես-Գլենդեյլ-Երևան

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ